«Չելսիի» հարձակվող Դավիդ Դատրո Ֆոֆանան այս մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով կանցկացնի «Բերնլիում»:
Ընդամենը մեկ օր առաջ «Չելսին» հայտարարեց, որ Ֆոֆանան վաղաժամ հետ է կանչվել գերմանական «Յունիոնից», որտեղ նա 17 խաղում խփել է ընդամենը 2 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։
Նախկինում մամուլը գրում էր, որ «Սևիլիան» կարող է վարձակալել Ֆոֆանային, սակայն այս պահին 21 ամյա կոտդիվուարցու կարիերայի շարունակման ամենահավանական տարբերակը «Բերնլի» գործուղումն է։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, «Բերնլին» արդեն համաձայնեցրել է «Չելսիի» հետ Ֆոֆանայի վարձակալության պայմանները, և առաջիկա 48 ժամում ֆուտբոլիստը բուժզննում կանցնի Թըրֆ Մուրում:
Այս մրցաշրջանում «Բերնլին» Պրեմիեր լիգայի 20 խաղում խփել է ընդամենը 20 գոլ, ինչը երկրորդ վատագույն ցուցանիշն է առաջնությունում, ուստի զարմանալի չէ, որ գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին փորձում է ուժեղացնել իր հարձակման գիծը:
Ավելացնենք, որ Ֆոֆանան «Չելսիին» է միացել ընդամենը մեկ տարի առաջ՝ տեղափոխվելով նորվեգական «Մոլդեից» 10,6 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց։