«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին եզրային հարձակվող Ջեսի Լինգարդը 18 ամսով զրկվել է մեքենա վարելու իրավունքից՝ ոչ սթափ վիճակում վարելու համար:
30 ամյա Լինգարդին բռնացրել են հուլիսի 8-ին Մանչեսթերի արվարձաններից մեկում հարբած վիճակում մեքենա վարելիս: Արագ թեստը ցույց է տվել, որ Ջեսին իր օրգանիզմում պարունակում է ալկոհոլի թույլատրելի քանակի կրկնակի չափը:
Ոստիկանները կանգնեցրել են Լինգարդին՝ կասկածելով, որ Ջեսին իր Lamborghini Urus-ով մեկ այլ սպորտային մեքենայի հետ մրցավազք է կազմակերպել։
Դատարանում ներկայանալով՝ Լինգարդն իր փաստաբանի միջոցով ընդունել է մեղքը ալկոհոլ օգտագործելու համար, սակայն հերքել է մրցավազքի վերաբերյալ կասկածները։ Ջեսիի ներկայացուցիչը բացատրել է նաև, որ այդ օրը չի աշխատում անձնական վարորդը, ով սովորաբար վարում է ֆուտբոլիստի մեքենան։
Արդյունքում Լինգարդը զրկվել է վարորդական իրավունքից 18 ամսով` ի լրացում գործող վեցամսյա արգելքի: Ջեսին նույնպես կվճարի 61 հազար ֆունտ տուգանք, հայտնում է Daily Mirror-ը։
Ավելացնենք, որ այս պահին 30 ամյա անգլիացին առանց ակումբի է և մարզավիճակը պահպանում է «Վեստ Հեմում»։