Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հերքել է տեղեկությունն այն մասին, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իրեն խնդրել է կիսապաշտպան Ջեկ Ուիլշերին հավաքական չհրավիրել 2014թ-ի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերին մասնակցելու համար:
Մի քանի օր առաջ մամուլը պնդում էր, որ զգուշության նպատակով, Վենգերը խնդրել է Հոջսոնին հավաքական չհրավիրել 21-ամյա կիսապաշտպանին Մոլդովայի և Ուկրաինայի դեմ խաղերում, որոնք անցկացվելու են հաջորդ շաբաթ:
Այս տեղեկություններում որևէ զարմանալու բան չկա, քանի որ «զինագործների» գլխավոր մարզիչը բազմիցս նման խնդրանքով դիմել է Ռոյին: Սակայն այս խաղերի շեմին Ուիլշերի հարցը մարզիչները չեն քննարկել:
-Ես բավական հաճախ եմ շփվում Արսենի հետ, և նա ինձ ոչինչ այդ մասին չի ասել: Որքանով ինձ հայտնի է, նա լավ գիտակցում է, որ Ջեկը հանդիսանում է թիմի անփոխարինելի ֆուտբոլիստներից:
Մենք չորս օրվա ընթացքում երկու հանդիպում ենք անցկացնելու և ակնկալում ենք, որ Ուիլշերն այդ խաղերում իր դերը կխաղա,- Հոջսոնի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: