«Արսենալի» ֆուտբոլիստ Բուկայո Սական և մարզիչ Միկել Արտետան ճանաչվել են Պրեմիեր լիգայի մարտ ամսվա լավագույն խաղացող և լավագույն մարզիչ:
21 ամյա Սական ուժեղ մարտ է անցկացրել՝ Պրեմիեր լիգայի չորս խաղում խփելով երեք գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։ Չորս խաղերում էլ «Արսենալը» հաղթել է։
Բուկայոն գոլ խփեց և գոլային փոխանցում կատարեց «Էվերթոնի» դեմ խաղում, նախքան դուբլի և գոլային փոխանցման հեղինակ դառնալը «Կրիստալ Փելեսի» դեմ խաղում:
Հատկանշական է, որ Սական դարձավ առաջին խաղացողը, ով այս մրցաշրջանում երկնիշ թվով գոլեր և գոլային փոխանցումներ է կատարել ԱՊԼ-ում:
Սական իր կարիերայում առաջին անգամ է ճանաչվում ամսվա լավագույն խաղացող։ Բացի Բուկայոյից, մարտին այս մրցանակին հավակնում էին Ալեքսանդր Իսակը, Ալեքսիս Մաքալիստերը, Թայրոն Մինգսը, Մոհամեդ Սալահը և Լեանդրո Տրոսսարդը։
Իսկ ամսվա լավագույն մարզիչ ճանաչվեց Արտետան, ում օրոք «Արսենալը» մարտին 12 հնարավորից վաստակեց 12 միավոր։ «Զինագործները» պարտության են մատնել «Էվերթոնին» (4-0), «Բորնմուտին» (3-2), «Ֆուլհեմին» (0-3) և «Կրիստալ Փելեսին» (4-1)՝ ավելացնելով իրենց առավելությունը Պրեմիեր Լիգայում հետապնդող «Մանչեսթեր Սիթիից»:
Արտետան այս մրցաշրջանում չորրորդ անգամ է ճանաչվում ամսվա լավագույն մարզիչ՝« Լիվերպուլի» Յուրգեն Կլոպի ռեկորդին զիջելով ընդամենը մեկ մրցանակով (հինգը՝ 2019/20-ին):
Այս մրցանակի համար պայքարում Միկելի մրցակիցներն էին Ռոբերտո Դե Զերբին՝ «Բրայթոնից», Ունայ Էմերին՝ «Աստոն Վիլլայից» և Խոսեպ Գվարդիոլան՝ «Մանչեսթեր Սիթիից»։