Իսպանիայում տրանսֆերային պատուհանը փակված է, և «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային չի հաջողվել տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։
Բառացիորեն ժամեր առաջ մամուլին հայտնի դարձավ, որ ակումբները համաձայնվել էին փոխանակել իրենց առաջին համարներին՝ Դե Խեան պետք է ուղևորվեր Մադրիդ, իսկ «Յունայթեդը» ստանալու էր Կեյլոր Նավասին և ևս 29 մլն ֆունտ։
Հաշվի առնելով գործարքի բարդ բնույթը, կողմերից պահանջվում էր արագ կատարել փաստաթղթային գործողությունները, որպեսզի ժամանակին տրանսֆերը գրանցեն Լա Լիգայի ղեկավարությունում։ Վերջին քայլը կատարելու համար ժամանակը չի բավականացրել։
Ինչպես հայտնում է AS-ը, Դավիդի հետ ստորագրված պայմանագիրը ժամանակին չի ուղարկվել Լա Լիգայի շտաբ-գրասենյակ։ Եթե հվատանք շրջանառվող լուրերին, ապա ընդամենը մեկ րոպե ուշացումը եղել է «կարմիր սատանաների» պատճառով։ Անձամբ ֆուտբոլիստն իրեն հուսահատ է զգում, քանի որ ամեն ինչ պատրաստ էր Մադրիդում իրեն ներկայացնելու համար։