«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում իր դարպասապահ Դին Հենդերսոնին «Նոթինգհեմ Ֆորեստին» վաճառելու շուրջ:
Հենց «Ֆորեստում» Հենդերսոնը վարձավճարով անցկացրեց 2022/23 մրցաշրջանը, չնայած վերջին անգամ Դինը խաղադաշտում հայտնվել է հունվարի կեսերին:
Հենդերսոնի մրցաշրջանը ավարտվեց ազդրի վնասվածքի պատճառով, մինչ այդ նա հասցրեց 18 խաղ անցկացնել «անտառապահների» կազմում՝ բաց թողնելով 31 գոլ և 6 անգամ անառիկ պահելով դարպասը։
Հենդերսոնն այնքան լավ տպավորություն է թողել, որ «Ֆորեստը» ցանկանում է պահել նրան, և talkSPORT-ը պնդում է, որ երկու ակումբների միջև բանակցությունները 26 ամյա անգլիացու մշտական տրանսֆերի շուրջ զգալի առաջընթաց են գրանցել:
Հավելենք, որ այս մրցաշրջանի երկրորդ կեսում Կեյլոր Նավասն էր պաշտպանում «անտառապահների» դարպասը, սակայն «ՊՍԺ»-ից նրա վարձակալության ժամկետն ավարտվեց, և հաջորդ մրցաշրջանում Հենդերսոնը կրկին կկարողանա դառնալ Սթիվ Կուպերի թիմի հիմնական դարպասապահը։