«Նոթինգհեմ Ֆորեստը» բաժանվեց իր թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստից՝ վինգեր Ջեսի Լինգարդից:
Անցած ամառ Լինգարդը որոշեց վերջնականապես խզվել իր կապը հարազատ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ և, ի զարմանս շատերի, միացավ «անտառապահներին»՝ մերժելով «Վեստ Հեմի» առաջարկը։
Այսպիսով, Լինգարդը դարձավ Սթիվ Կուպերի թիմի ամենաբարձր վարձատրվող խաղացողը՝ վաստակելով 115,000 ֆունտ գումարած բոնուսներ։
Սակայն մարզական առումով այս տրանսֆերը չարդարացրեց իրեն։ Ընթացիկ մրցաշրջանում 30 ամյա անգլիացին Պրեմիեր լիգայում անցկացրել է ընդամենը 17 հանդիպում՝ չառանձնանալով ոչ մի արդյունավետ գործողությամբ:
Իսկ այսօր «Ֆորեստը» պաշտոնապես հայտարարեց, որ Լինգարդի պայմանագիրը, որն ավարտվում է մրցաշրջանի վերջում, չի երկարաձգվելու։ Նույնը վերաբերում է Անդրե Այուին, Ջեք Քոլբեքին, Ջորդան Սմիթին և Լայլ Թեյլորին: Իսկ Կեյլոր Նավասը, Դին Հենդերսոնը և Ռենան Լոդին կվերադառնան իրենց ակումբներ վարձակալության ժամկետների ավարտից հետո: