«Կորինտեանսի» կիսապաշտպան Պաուլինյոն հաստատել է, որ պատրաստվում է տեղափոխվել «Տոտտենհեմ»:
Եթե հավատանք մամուլում տեղ գտած լուրերին, ապա «Տոտտենհեմի» նոր սպորտային տնօրեն Ֆրանկո Բալդինին մոտ է 17 մլն ֆունտով Բրազիլիայի ազգային հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի ձեռքբերմանը:
Այս պահին Պաուլինյոն իր հավաքականի հետ պատրաստվում է Իսպանիայի հետ Կոնֆեդերացիայի գավաթի երզափակչին: Ֆուտբոլիստը չի թաքցնում, որ իր տեղափոխությունը «Տոտտենհեմ» գործնականում որոշված է:
-Հավաքականի և բրազիլիացի երկրպագուների համար կարևոր է, որ այս պահին ես մտածեմ միայն Կոնֆեդերացիայի գավաթում հաղթելու մասին: Սակայն հուսով եմ, որ մրցաշարի ավարտից հետո այդ տեղափոխությունն արագ տեղի կունենա:
Իմ երազանքն է խաղալ Անգլիայում և այնպիսի հիանալի ակումբում, ինչպիսին «Տոտտենհեմն» է: Ես «Տոտտենհեմին» հարգում եմ իր ամբիցիաների համար: Այս ամռանը հետաքրքրություն կար նրանց մարզչի և լավագույն ֆուտբոլիստի հանդեպ, սակայն երկուսն էլ պարզ հայտնեցին, որ չեն պատրաստվում հեռանալ:
Երբ իմ գործակալը հայտնեց «Տոտտենհեմի» հետաքրքրության մասին, ես հասկացա, որ չեմ կարող հրաժարվել այդ տարբերակից,- Պաուլինյոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: