«Աստոն Վիլլայի» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը հայտնել է, որ «Մանչեսթեր Յունայթեդից» կրած պարտությունը իրենց թիմին չի թողնում այլ բան, քան հաղթել «Սանդերլենդին»:
Երկուշաբթի երեկոյան «վիլլացիները» երեք միավոր նվիրեցին «Մանչեսթեր Յունայթեդին», ինչն էլ «մանկունյանցիների» համար բավարար եղավ չեմպիոնական տիտղոսը նվաճելու համար:
Չնայած պարտությանը, Լամբերտը գոհ է իր թիմի ցուցադրած խաղից և այժմ հուսով է, որ կկարողանան հաղթել իրենց հիմնական մրցակից «Սանդերլենդին»:
-Մենք պետք է հաղթենք հաջորդ խաղում: «Սանդերլենդը» հիմա լավ վիճակում է, սակայն դա լավ հնարավորություն է մեզ համար: Մենք խաղալու ենք տանը: Մենք գիտենք՝ ինչ պետք է անել:
Շատ կարևոր էր, որ այսօր մենք չքանդվեցինք, ինչպես եղավ «Սթեմֆորդ Բրիջում» (8:0): Երբ խփվեց երրորդ գնդակը, ես մտածեցի, թե գիշերը երկար է լինելու, սակայն մեր ֆուտբոլիստները շարունակեցին պայքարել:
Մենք ունեցանք մի քանի լավ պահեր և կարողացանք վտանգ ստեղծել: Ես կարծում եմ, որ մինչև մրցաշրջանի ավարտը շատ փոփոխություն կլինի: Հիմա կարևոր է, որ հաղթենք «Սանդերլենդին»,- Լամբերտի խոսքերն է մեջբերում BBC-ն: