«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը հուսով է, որ թիմի հարձակվող Լոիկ Ռեմին կկարողանա հաջորդ շաբաթ իրենց օգնել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում:
26-ամյա ֆրանսիացին «ռեյնջերների» կազմում մասնակցել է ընդամենը երկու խաղի: Ռեմին վերջին մարզման ժամանակ ազդրի վնասվածք ստացավ, ինչի պատճառով բաց թողեց «ՔՊՌ»-ի վերջին երկու խաղերը:
Ռեդնապի խոսքերով Ռեմին շուտով կկարողանա մասնակցել մարզումներին ամբողջական ծրագրով: Այս պարագայում մեծ են շանսերը, որ Լոիկը կմասնակցի առաջատար «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին:
-Լոիկը դեռ չի մարզվում ընդհանուր խմբի հետ, սակայն մենք հուսով ենք, որ նա երկուշաբթի պատրաստ կլինի դրան: Նա արդեն հաղթահարել է բոլոր խնդիրները, սակայն մենք ցանկանում ենք խուսափել բոլոր ռիսկերից,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Ռեդնապը: