«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը խոստովանել է, որ Չեմպիոնների Լիգայից դուրս մնալը միայն ֆիզիկապես ազդեց իր սաների վրա «Չելսիի» դեմ խաղի ժամանակ:
Անցած երեքշաբթի «մանկունյանցիները» սեփական հարկի տակ պարտվեցին Մադրիդի «Ռեալին» և դուրս մնացին հետագա պայքարից: Սա ցնցող պարտություն էր Սէր Ալեքսի և իր ֆուտբոլիստների համար: Վտանգ կար, որ այս անհաջողությունը կարող է հոգեբանական լարվածություն ստեղծել թիմում: Սակայն Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչում «Յունայթեդն» 2:2 խաղաց «Չելսիի» հետ: Խաղի հենց սկզբում «կարմիր սատանաները» խփեցին 2 գնդակ, սակայն երկրորդ խաղակեսում բաց թողեցին 2 գոլ: «Ազնվականները» նույնիսկ հնարավորություն ունեին հաղթանակ կորզելու մրցակցից:
-Մեր բախտը բերեց, որ մնացինք գավաթում: Մեր ոտքերը պարզապես չէին ենթարկվում, իսկ «Չելսին» բավականին լավ էր գործում երկրորդ խաղակեսում:
Մինչդեռ ես չեմ կարող քննադատել իմ թիմին, քանի որ «Ռեալի» հետ խաղի ժամանակ վատնած ուժերը ազդեցին այսօրվա արդյունքի վրա: Սրանում կասկած չկա:
Երկու եզրային պաշտպաններ Ռաֆայելն ու Պատրիսը հոգնել էին: Կենտրոնական կիսապաշտպանները նույնպես:
Մենք շարունակում էինք գնդակ կորցնել, և դրա պատճառով ժամանակը դանդաղ էր ընթանում: Մեզ համար դժվար էր մրցակցի տուգանայինից վերադառնալ սեփականին,- հայտնել է Սէր Ալեքսը MUTV-ին տված հարցազրույցի ժամանակ: