«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է նոր պայմանագրով պարգևատրել Էրլինգ Հոլանդին՝ նորվեգացի հարձակվողին դարձնելով Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
22 ամյա Հոլանդը հիանալի դեբյուտային մրցաշրջան է անցկացնում՝ բոլոր մրցաշարերում խփելով 42 գոլ «Սիթիի» կազմում:
Այս պահին, բոնուսներով, Էրլինգը շաբաթական 375 հազար ֆունտ է վաստակում, ինչպես «Սիթիում» իր թիմակից Քևին Դե Բրույնեն և «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան: Պրեմիեր լիգայում այս եռյակից ավելի ոչ ոք չի վաստակում։
Այնուամենայնիվ, The Sun-ը իր բացառիկ հոդվածում պնդում է, որ Էթիհադի ղեկավարները պատրաստ են Հոլանդի աշխատավարձը հասցնել շաբաթական 500,000 ֆունտի՝ երկարաձգելով համագործակցությունը Էրլինգի հետ մինչև 2028 թվականը։
Միևնույն ժամանակ, «Սիթին» կարող է փորձել ճշգրտել կամ հանել Հոլանդի պայմանագրում «Ռեալի» կամ Պրեմիեր լիգայից դուրս գտնվող այլ ակումբների գնման կետը: