«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոստովանել է, որ թիմը գլխավորելու առաջարկ էր ստացել նաև «Տոտտենհեմից»:
«Կարմիր սատանաները» ստիպված էին նոր մարզիչ գտնել, երբ նախորդ մրցաշրջանի ավարտից չորս տուր առաջ իր պաշտոնից հեռացվեց Դևիդ Մոյեսը: «Յունայթեդը» կարողացավ հաղթել մրցակցությունում և համաձայնության գալ վան Գալի հետ:
-Միակ ֆուտբոլային երկիրը, որտեղ ցանկանում էի աշխատել, Անգլիան էր: Պատճառը խաղային մակարդակը և այստեղի մթնոլորտն է: Ուստի, երբ հոկտեմբերին ես հայտնեցի Հոլանդիայի ազգային հավաքականից հեռանալու մասին, անգլիական բոլոր ակումբներն իմացան այդ մասին, և առաջարկություն եղավ ոչ միայն «Մանչեսթեր Յունայթեդից»:
«Յունայթեդում» գիտեին, որ ես հասանելի եմ, և, կարծում եմ, այդ պատճառով էլ կապվեցին ինձ հետ: Առաջարկություն եղել է նաև «Տոտտենհեմից», սակայն ես երեխա չեմ և լավ գիտեմ իմ հնարավորությունները:
Չեմ կարող ասել, որ իմ երազանքն իրականացել է, քանի որ ես դեռ 62 տարեկան եմ, և գիտեմ, թե ինչի եմ ընդունակ,- վան Գալի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը: