«Ֆեներբահչեն» պաշտոնապես հայտնել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսիին 4,7 մլն ֆունտով գնելու մասին:
Մեկ տարի առաջ, երբ Լուի վան Գալը ստանձնեց «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնը, վան Պերսին համարվում էր հոլանդացի մասնագետի սիրելի ֆուտբոլիստներից և ավագի հավանական թեկնածուն:
Սակայն Ռոբինն անհաջող մրցաշրջան անցկացրեց և ստիպված եղավ ընդունել թուրքական ակումբի առաջարկը, որն արդեն գնել էր «Յունայթեդի» վինգեր Նանիին:
«Արսենալի» նախկին ավագը երեք տարվա պայմանագիր է ստորագրել «Ֆեներբահչեի» հետ: Եթե հավատանք շրջանառվող լուրերին, ապա Հոլանդիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը Թուրքիայում կվաստակի շաբաթական 240 հզր ֆունտ:
Ավելացնենք, որ «Օլդ Թրաֆորդում» Ռոբինի միակ հաջողված մրցաշրջանը 2012/13-ն էր, երբ նա նոր էր միացել «կարմիր սատանաներին» և խփած 26 գոլով ճանաչվեց Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկու, իսկ «Յունայթեդը» դարձավ երկրի չեմպիոն: