«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Էրիկ Տեն Հագը աջակցել է իր դարպասապահ Անդրե Օնանային, ով հայտնվել է քննադատությունների տարափի տակ։
Օնանան մեծ հիասթափություն պարգևեց «Յունայթեդին» անցյալ չորեքշաբթի Չեմպիոնների լիգայում «Գալաթասարայի» դեմ կայացած ոչ֊ոքիի ժամանակ՝ կանգնեցնելով «կարմիր սատանաներին» մրցակցությունից դուրս մնալու եզրին:
Տեն Հագը չի հերքում, որ Օնանայի ելույթը Չեմպիոնների լիգայում շատ դժգույն տեսք ունի, սակայն Էրիկը ավելի քան գոհ է նրանից, թե ինչպես է 27 ամյա կամերունցին հանդես գալիս Պրեմիեր լիգայում։
«Նա ուժեղ անհատականություն է: Նա բնավորություն ունի, և նա գլուխ կհանի ստեղծված վիճակից: Դուք դա նույնպես գիտեք, քանի որ տեսաք, թե ինչպես նա արձագանքեց վատ խաղին Մյունխենում («Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայում): Նա հիանալի էր «Բերնլիի» դեմ խաղում»:
«Եթե վերլուծես, նա ԱՊԼ-ի երկրորդ լավագույն դարպասապահն է վիճակագրությամբ: Նա Պրեմիեր լիգայի երկրորդ լավագույն դարպասապահն է հավանական գոլերի չեզոքացման առումով: Նա լավ է խաղում, բայց գիտի, որ Պրեմիեր լիգայում մի շարք սխալներ է թույլ տվել: Ընդհանուր առմամբ նա լավն է իր առաջին հինգ ամիսներին»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: