Անգլիական ֆուտբոլի լեգենդար ֆուտբոլիստներից մեկը, ով այս տարի խաղակոշիկներն ընդմիշտ կախեց մեխից, «Մանչեսթեր Յունայթեդի» գերաստղ Դևիդ Բեքհեմն է:
Դևիդը խաղացել է անգլիական «Պրեստոն Նորթ Էնդ» և «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբներում: 2003թ-ին Բեքհեմը տեղափոխվեց «Մադրիդի Ռեալ»:
Դևիդի տեղափոխությունը «արքայական ակումբ» ցնցեց ողջ Անգլիան: Դա թվում էր միանգամայն անիմաստ, սակայն տեղի ունեցավ: Ոչ մեկը չէր հավատում, քանի որ Դևիդը «Մանչեսթեր Յունայթեդի» մեծ երկրպագու էր: Որպեսզի խաղա «Յունայթեդում» նա դեռ վեց տարեկան հասակում խնդրեց ընտանիքին Լոնդոնից տեղափոխվել Մանչեսթեր:
Բեքհեմի մանկական երզանքը տարօրինակ էր, քանի որ Լոնդոնում էլ փայլուն ակումբներ կային: Հատկանշական է նաև, որ այդ ժամանակ «Յունայթեդը» աչքի չէր ընկնում փայլուն խաղով:
Դևիդը բավական երիտասարդ տարիքում ցուցադրեց իր ֆուտբոլային տաղանդը: Այն, որ նա մեծ ապագա ունի ֆուտբոլում, հասկացել էին դեռ «Լեյթոն Օրիենթ» ակումբի մարզիչները: Վեց տարեկան հասակում նա հայտնվեց «Տոտտենհեմի» սելեկցիոներների ուշադրության կենտրոնում, որն այդ տարի հաղթել էր Անգլիայի գավաթը: Սակայն «Յունայթեդի» երկրպագուն մերժեց «Տոտտենհեմի» առաջարկը:
Բոբի Չարլթոնի դպրոց Բեքհեմին շատ արագ ընդունեցին և հենց այնտեղ էլ նա ծանոթացավ Անգլիայի հավաքականում և «Մանչեսթեր Յունայթեդում» իր ապագա խաղընկերներին: 20 տարեկան հասակում Բեքհեմը նվաճեց իր առաջին տիտղոսը՝ Բոբի Չարլթոնի մրցանակը:
Հենց այդ պահից նա սկսեց խաղալ կիսապաշտպանության աջ եզրում:
Ակումբում նա իր տեղը դժվարությամբ հաստատեց, քանի որ այդ ժամանակ իր դիրքում փայլուն հանդես էր գալիս Ադրեյ Կանչելսկիսը: Այդ ժամանակ Սէր Ալեքսը երիտասարդ Բեքհեմին վարձակալությամբ ուղարկեց «Պրեստոն Սիթի»:
Բեքհեմը «Յունայթեդ» վերադարձավ և իր տեղը ակումբում ամրագրեց 1995թ-ին: Այդ տարի մանչեսթերյան ակումբը հաղթեց Անգլիայի առաջնությունում, իսկ Բեքհեմը 8 գոլի հեղինակ դարձավ:
1996թ-ի սեպտեմբերի 1-ին Դևիդը իր նորամուտը նշեց Անգլիայի հավաքականում: 1998թ-ի աշխարհի առաջնությանը նա արդեն բարձրակարգ ֆուտբոլիստ էր:
1999թ-ին «Յունայթեդը» Չեմպիոնների Լիգայի եզրափակչում 1:2 հաշվով հաղթեց «Բավարիային»: Անգլիացիների երկու գոլային փոխանցումների հեղինակը Բեքհեմն էր:
Անգլիայում նույն թվականի հուլիսի գլխավոր իրադարձությունը Դևիդ Բեքհեմի և Վիկտորիա Ադամսի ամուսնությունն էր:
2002թ-ի աշխարհի առաջնությանը նա արդեն Անգլիայի հավաքականի ավագն էր: Բեքհեմը առանձնանում էր իր սանրվածքով: Երկար մազերի պատճառով մի անգամ Մարադոնան ասել է. «Ես չեմ հավատում, որ նա Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ է: Երբ նրան եմ տեսնում, թվում է, թե կին է խաղում»:
2003թ-ին Բեքհեմը անակնկալ որոշում կայացրեց՝ տեղափոխվելով «Մադրիդի Ռեալ», որտեղից էլ 2007թ-ին տեղափոխվեց «Լոս-Անջելես Գելեքսի»: Բեքհեմը երկու անգամ վարձակալությամբ ուղարկվել է իտալական «Միլան»:
2013թ-ի հունվարին Դևիդը տեղափոխվեց «Պարի-Սեն Ժերմեն», որի հետ հաղթեց Ֆրանսիայի առաջնությունում և որտեղ էլ ավարտեց ֆուտբոլային կարիերան: