«Չելսիի» հարձակվող Ֆերնանդո Տորրեսը խոստովանել է, որ ցանկանում է աշխատել Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ:
Այս շաբաթվա սկզբին Մոուրինյոն պաշտոնապես հեռացվեց «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնից: Այդ իսկ պատճառով շարունակում են խոսել այն մասին, որ պորտուգալացի մասնագետը վերադառնում է «Չելսի»:
Տորրեսն, ում կարիերան այնքան էլ հաջող չի ընթանում լոնդոնյան ակումբում, կարծում է, որ Մոուրինյոն կավելացնի իր մոտիվացիան:
-Ակնհայտ է, որ համաշխարհային մակարդակի մարզիչների անունները միշտ էլ կապում են թոփ ակումբներում աշխատելու հետ: Դա տեղի է ունենում նաև հիմա: «Չելսին» նոր մարզիչ է փնտրում, իսկ Ժոզե Մոուրինյոն ազատ է, այնպես որ այս բոլոր բամբասանքները բացատրելի են:
Ունենք խաղացողներ, ովքեր աշխատել են նրա հետ: Նրանք բոլորն էլ ասում են, որ իրենց մոտ հաճելի հիշողություններ են մնացել այդ ժամանակահատվածից: Ես նույնպես ցանկանում եմ աշխատել նրա հետ,- հայտնել է Տորրեսը: Goal