Կատալոնական Sport պարբերականը պնդում է, որ «Բարսելոնան» կարող է 17 մլն ֆունտ առաջարկել «Չելսիի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորրեսի համար:
Տորրեսի ապագան «Չելսիում»` Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ, մեծ կասկածի տակ է: Իրավիճակն ավելի բարդ կլինի Ֆերնանդոյի համար, եթե «կապույտներին» հաջողվի ձեռք բերել «Նապոլիի» հարձակվող Էդիսոն Կավանիին կամ «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն:
Sport-ը Տորրեսին անվանում է ֆուտբոլիստ, ով 20-25 գոլ է երաշխավորում մրցաշրջանի համար: Աղբյուրը ենթադրում է, որ Ֆերնանդոն իր տեղը կունենա ակումբում, չնայած Լիոնել Մեսսիի և Նեյմարի ներկայությանը:
Նշենք, որ ներկա պահին 29-ամյա Տորրեսը գտնվում է Իսպանիայի հավաքականի տրամադրության տակ, որը մասնակցում է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը, և դեռևս հնարավորություն չի ունեցել անձամբ խոսելու Մոուրինյոյի հետ: