«Աստոն Վիլլան» պաշտոնապես հայտնել է «Օլբորգի» և Դանիայի ազգային հավաքականի հարձակվող Նիկլաս Հելենիուսի ձեռքբերման մասին: Գործարի արժեքը գաղտնի է պահվում:
22-ամյա դանիացին «վիլլացիների» հետ երեք տարվա պայմանագիր է ստորագրել և դարձել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Պոլ Լամբերտի թիմի չորրորդ նորեկը: «Աստոն Վիլլան» մինչ այս տրանսֆերը ձեռք էր բերել Ժորես Օկորին, Ալեքսանդր Տոնևին և Լեանդրո Բակունային:
Հելենիուսը, ում հայրենիքում անվանում են «դանիացի Իբրահիմովիչ», իր թիմի կազմում նախորդ մրցաշրջանում դարձավ 16 գոլի հեղինակ: Նիկլասը ռմբարկուների ցուցակում զիջեց միայն «Կոպենհագենի» հարձակվող Անդրեաս Կորնելյուսին, ում ծառայություններով ևս հետաքրքրված են Անգլիայում:
-Նիկլասը երիտասարդ ֆուտբոլիստ է, սակայն իր հավաքականի համար լիարժեք անդամ, ով լավ արդյունավետությամբ է աչքի ընկել Դանիայում,- ասել է «վիլլացիների» գլխավոր մարզիչ Պոլ Լամբերտը: