Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Տիբո Կուրտուան Չեմպիոնների Լիգայի 1/2 եզրափակչում «Չելսիի» դեմ խաղին մասնակցելու թույլտվություն է ստացել լոնդոնյան ակումբից:
Հիշեցնենք, որ 21-ամյա բելգիացու տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսիին» և նա «Ատլետիկոյում» հանդես է գալիս վարձավճարով:
Մինչև այս «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն հայտնել էր, որ «Չելսիի» դեմ խաղերում Կուրտուայի մասնակցության համար իրենք պետք է լոնդոնյան ակումբին մեծ բոնուսներ վճարեն: Երբ հայտնի դարձավ, որ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ փուլում «Ատլետիկոն» կմրցի «Չելսիի» հետ, ՈՒԵՖԱ-ն հայտարարություն արեց, որ ցանկացած պայմանավորվածություն կորցնում է իր ուժը և Կուրտուան պետք է մասնակցի «Չելսիի» դեմ խաղին:
-Ինձ համար «Չելսիի» դեմ խաղը կարևոր իրադարձություն է: Չնայած որ ես այժմ «Ատլետիկոյում» եմ, սակայն իմ ակումբը «Չելսին» է: Ես ցանկանում եմ տիտղոս նվաճել և «Ատլետիկոյին» այդ երկու խաղերում կօգնեմ, որ անցնենք «Չելսիի» արգելքը:
Հուսով եմ, որ նրանք կհաղթեն Պրեմիեր Լիգայում, սակայն ոչ այս երկու խաղերում: Մենք շատ մոտ ենք եզրափակչին և ամեն ինչ անելու ենք հաղթելու համար,- ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Կուրտուան: