«Չելսին» պաշտոնական հայտարարություն է արել, որ ՊՍԺ-ի հետ համաձայնեցրել են Դավիդ Լուիզի տրանսֆերը:
Դեռ ուրբաթ օրը առավոտյան հայտնի դարձավ, որ ակումբները սկզբունքային հարցերում համաձայնության են եկել և Բրազիլիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 40-50 մլն ֆունտ, կտեղափոխվի ֆրանսիական ակումբ:
Այժմ «կապույտները» հաստատել են այդ ինֆորմացիան, սակայն գաղտնի են պահել գործարքի ֆինանսական կողմը և այլ մանրամասներ: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է. «Չելսին» և ՊՍԺ-ն Դավիդ Լուիզի տրանսֆերի հարցում համաձայնության են եկել: Այժմ մնում է Լուիզը բուժզննում անցնի ՊՍԺ-ում և պայմանագիր ստորագրի»:
Ավելացնենք, որ «Չելսին» Լուիզին 21.3 մլն ֆունտով 2011թ-ին գնել էր «Բենֆիկայից»: «Ազնվականների» հետ Լուիզի պայմանագրի լրանալուն դեռ երեք տարի կար: