«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ռայան Գիգգսը մեկնաբանել է մանչեսթերյան դերբիի ժամանակ տեղի ունեցած միջադեպը: Ռոբին Վան Պերսիի գոլից հետո Ռիո Ֆերդինանդը տոնում էր իր թիմի հաջողությունը, երբ երկրպագուներից մեկը մետաղադրամ նետեց նրա վրա:
-Մի սանտիմետր այն կողմ և Ֆերդինանդը կկորցներ իր մի աչքը: Այնքան վտանգավոր է: Մենք այսպիսի տեսարաններ չենք ուզում: Ակումբները, ոստիկանությունը և հենց Ֆուտբոլի ասուցացիան պետք է ամեն ինչ անեն, որ այսպիսի բան էլ չկրկնվի:
Ռայան Գիգգսը խոստովանել է, որ նման դեպք իր հետ էլ է տեղի ունեցել, բայց արդեն «Չելսիի» հետ խաղում:
-Ինձ վրա ինչ-որ բան նետեցին, երբ Խավիեր Էրնանդեսը գոլ խփեց:
Կիրակի օրվա դեպքից հետո ոստիկանությունն արդեն 9 երկրպագուի է հարցաքննել, իսկ «Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես ներողություն է խնդրել: Կա վարկած, որ «քաղաքայինների» երկրպագուին բարկացրել է այն, որ Ֆերդինանդը տոնել է գոլը հենց նրանց տրիբունայի մոտ:
Ռայան Գիգգսը նշում է, որ իր խաղընկերոջ արձագանքը հասկանալի է և ընդունելի:
-Որպես խաղացող, դու ուզում ես նշել քո թիմի խփած գոլը: Այդ պահին դու չես կարող կառավարել զգացմունքներդ: