Տոգոյի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարել է, որ «Տոտտենհեմի» հարձակվող Էմանուել Ադեբայորը այնուամենայնիվ մասնակցելու է աֆրիկյան ազգերի գավաթին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին 28-ամյա Ադեբայորը բացառել էր իր մասնակցությունը այդ առաջնությանը ցածր պարգևատրումների պատճառով: Այնուհետև նա հայտարարեց, որ իրեն անհանգստացնում է նաև անվտանգության հարցը:
Մինչդեռ այժմ հայտնի է դարձել, որ Ադեբայորն արդեն գտնվում է Տոգոյի հավաքականի տրամադրության տակ և պատրաստվում է իր մեկնարկային խաղին:
-Իհարկե, մենք մեկնել ենք աֆրիկյան ազգերի գավաթին Ադեբայորի հետ: Շատ կարևոր է, որ նա մեզ հետ է, քանի որ մեր խաղացողն է և թիմի ավագը,- նշել է Տոգոյի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ամեյի Գաբրիելը:
Ավելացնենք, որ աֆրիկյան ազգերի գավաթը սկսում է հունվարի 19-ին և կվերջանա փետրվարի 10-ին: Ադեբայորի բացակայությունը նշանակում է, որ «շպորները» այս ընթացքում կմնան միայն մեկ հարձակվողով` Դեֆոյով: Չի բացառվում, որ Վիլաշ-Բոաշը նոր հարձակվող ձեռք կբերի տրանսֆերային այս պատուհանի ժամանակ: Sky Sports