Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը մտածում է Բրազիլիայի և Իռլանդիայի հետ ընկերական հանդիպումներին թիմ վերադարձնել «Վեստ Հեմի» հարձակվող Էնդի Քերոլին: Այս մասին հայտնում է The Guardian պարբերականը:
«Լիվերպուլի» ֆուտբոլիստը, ով այս պահին վարձակալությամբ հանդես է գալիս «Վեստ Հեմում», չի հրավիրվել հավաքական հոկտեմբերից: «Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը ենթադրում է, որ Էնդիին չհրավիրելով հավաքական՝ Հոջսոնը չի ցանկանում արժանանալ հասարակության քննադատությանը:
Մինչդեռ Պրեմիեր Լիգայի վերջին 5 խաղերում հարձակվողը 4 գոլի հեղինակ է դարձել, և նորից իր վրա է հրավիրել Հոջսոնի ուշադրությունը: Ըստ պարբերականի՝ մարզիչն իր օգնական Ռեյ Լևինգտոնին ուղարկելու է «Վեստ Հեմ» – «Նյուքասլ» հանդիպմանը, որպեսզի վերջինս հետևի Քերոլի խաղին:
Միևնույն ժամանակ Հոջսոնը չի պատրաստվում վերոհիշյալ խաղերին հրավիրել «Չելսիի» պաշտպան Ջոն Թերրին, ով համաձայնվել էր նորից սկսել ելույթներն Անգլիայի հավաքականում: