«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ Լուիս Սուարեսին, Ուեյն Ռունիին և Գոնսալո Իգուաինին գնելու նպատակները միանգամայն իրական են:
Դեռ մեկ ամիս առաջ, «Արսենալի» երկրպագուները հավատում էին, որ «Էմիրեյթսը» կհամալրվի համաշխարհային մակարդակի այնպիսի աստղերով, ինչպիսին Ուեյն Ռունին, Մարունա Ֆելայնին և անգամ Էդինսոն Կավանին են:
Սակայն այժմ, երբ արդեն տրանսֆերային պատուհանի առաջին կեսն ացնել է, «Արսենալը» ձեռք է բերել միայն 20-ամյա Յայա Սանոգոյին, ով «զինագործներին» է միացել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով: Վենգերն անգամ չցանկացավ 1 մլն ֆունտ ծախսել Բրազիլիայի ազգային հավաքականի դարպասապահ Ժուլիո Սեզարին ձեռք բերելու համար:
Այնուամենայնիվ, ֆրանսիացի մարզիչը չի կորցնում լավատեսությունը: Վենգերը վստահ է, որ այս ամռանը ֆինանսական խնդիրներն «Արսենալի» համար առաջնային չեն և բարձրակարգ ֆուտբոլիստներ գնելու հնարավորություն դեռ կա:
-Սուարեսը, Ռունին և Իգուաինը միանգամայն իրական նպատակներ են: Նրանք բարձրակարգ ֆուտբոլիստներ են, սակայն ոչ բոլորն են մեզ հասանելի: Նախ նրանք պայմանագրեր ունեն իրենց ակումբների հետ և իրենց ապագան կախված է այդ ակումբներից: Ակումբներն են որոշում նրանց բաց թողնել, թե ոչ, և եթե բաց թողնեն, ապա որ ակումբ:
Այս տարի մենք բավական մեծ ֆինանսական միջոցներ ունենք: Մենք ինքներս ենք ստեղծել այդ միջոցները: Այս պահին մենք ակտիվ աշխատանքներ ենք տանում տրանսֆերային շուկայում, որպեսզի իրականացնենք տրանսֆերային մեր նպատակները:
Երկրպագուները, ֆուտբոլիստները և ընդհանրապես բոլորը շատ անուններ են պահանջում, սակայն մեզ պետք է ոչ թե քանակ, այլ որակ: Նախորդ տարիներին մենք չէինք կարողանում մեծ տրանսֆերներ իրականացնել, սակայն այս անգամ ֆինանսական խնդիրներ չունենք:
Մենք ցանկանում ենք նոր ֆուտբոլիստներ հրավիրել և թիմն ավելի ուժեղ դարձնել: Սպասում եմ, որ հենց այդպես էլ կլինի: Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ,- Վենգերի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: