«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ իր գործընկեր Ռաֆայել Բենիտեսը լավ աշխատանք է կատարում «Չելսիում»:
Բենիտեսը գլխավորում է «Չելսին» 2012 թվականի նոյեմբերից, սակայն «ազնվականների» երկրպագուներն այդպես էլ չընդունեցին իսպանացի մասնագետին: Անձամբ Ռաֆայելն էլ, ում գործող պայմանագիրը լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարիտից հետո, հայտնել է, որ դժվար թե մնա լոնդոնյան ակումբում: Այս մասին հաստատում են նաև մի շարք պարբերականներ՝ հայտնելով, որ ամռանը հնարավոր է՝ «Չելսիի» գլխավոր մարզիչ դառնա Ժոզե Մոուրինյոն:
-Կարծում եմ, որ «Չելսին» արդեն ունի հրաշալի մարզիչ, ի դեմս Ռաֆայել Բենիտեսի, սակայն եթե նրանք որոշեն բաժանվել նրանից այս մրցաշրջանի ավարտից հետո, ապա Ժոզե Մոուրինյոն, իհարկե, լավ որոշում կլինի նրանց համար:
Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է, սակայն կարծում եմ, որ Բենիտեսը լավ աշխատանք է կատարում «Սթեմֆորդ Բրիջում»,- հայտնել է Վենգերը: ESPN