«Բրայթոնը» հայտարարել է «Անդերլեխտի» դարպասապահ Բարտ Վերբրյուգենին 19 միլիոն եվրոյով (16,3 միլիոն ֆունտ) գնելու մասին:
Անցած մրցաշրջանում Վերբրյուգենն իսկական բեկում մտցրեց իր կարիերայի մեջ։ 20 ամյա հոլանդացին մրցաշրջանը սկսեց որպես «Անդերլեխտի» պահեստային դարպասապահ, իսկ ավարտեց հիմնականի դերում:
Արդյունքում Վերբրյուգենը ճանաչվեց բելգիական ակումբի 2022/23 մրցաշրջանի լավագույն խաղացող, իսկ մարտին կարիերայի ընթացքում առաջին անգամ հրավիրվեց Հոլանդիայի հավաքական։
Այժմ Վերբրյուգենը հանդես կգա «Բրայթոնում», որի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։
«Ես շատ ուրախ եմ Բարտի հետ պայմանագիր կնքելու համար: Նա սովոր է խաղալ մեր ոճին հարմար ֆուտբոլ, և նա խնդիրներ չի ունենա մեր թիմում հարմարվելու համար: Նա ներուժ ունի ակումբի համար շատ կարևոր խաղացող դառնալու»,- ասել է «ճայերի» գլխավոր մարզիչը՝ Ռոբերտո Դե Զերբին։