Կիսապաշտպան Էդեն Ազարը «Չելսիում» մնալու ուղիղ ակնարկ է արել՝ վերցնելով 10 համարի մարզաշապիկը: Հիշեցնենք, որ մրցաշրջանի ավարտին, երբ «կապույտները» դուրս մնացին Չեմպիոնների Լիգայից, Ազարը քննադատեց իր թիմի խաղաոճը, ինչը վատ ընդունվեց Ժոզե Մոուրինյոյի կողմից:
Խոսվում էր, որ ամռանը «Չելսին» Ազարին կվաճառի ՊՍԺ-ին: Սակայն անձամբ Էդենն արդեն հաջորդ մրցաշրջանի պլաններ է կազմում: Բելգիացի կիսապաշտպանն այսուհետ կկրի այն համարը, որը պատկանում էր Խուան Մատային:
-Ես շատ ուրախ եմ, որ լինելու եմ «Չելսիի» 10 համարը: Դա իմ սիրած համարն է, որը կրում եմ ազգային հավաքականում: Բացի այդ, այդ համարով են խաղացել իմ մանկության մի քանի կուռքեր, օրինակ Զինեդին Զիդանը: Հուսով եմ, որ այն ինձ հաջողություն կբերի,- «Չելսիի» պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ ասել է Ազարը: