«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը և կիսապաշտպան Կազեմիրոն վնասվածքների պատճառով բաց կթողնեն մինչև Սուրբ Ծնունդ կայացող բոլոր հանդիպումները:
Մարտինեսը վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել սեպտեմբերին, երբ «Արսենալի» հետ խաղում ոտնաթաթի վնասվածք ստացավ: Լիսանդրոն ստիպված է եղել կրկին վիրահատության ենթարկվել։
Ինչ վերաբերում է Կազեմիրոյին, ապա նա նախորդ շաբաթ Լիգայի գավաթի խաղարկության «Նյուքասլի» դեմ խաղում վնասեց ազդրը:
Չեմպիոնների լիգայի «Կոպենհագենի» դեմ արտագնա խաղից առաջ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը կիսվել է երկու կարևոր խաղացողների առողջական վիճակի մասին նորություններով։
«Կազեմիրոն ու Մարտինեսն իսկապես լուրջ վնասվածքներ ունեն, և ես չեմ կարծում, որ նրանք կապաքինվեն մինչև Սուրբ Ծնունդը»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Տեն Հագը նաև ասաց, որ հարձակվող Մարկուս Ռաշֆորդը, ով անցյալ շաբաթ օրը բաց թողեց դեպի «Ֆուլհեմ» ուղևորությունը, «100 տոկոսով պատրաստ է խաղին»: