«Վուլվերհեմպտոնի» գլխավոր մարզիչ Գարի Օ’Նիլը հայտնել է, որ մրցավարական կորպուսը ներողություն է խնդրել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ չնշանակված 11 մետրանոցի համար:
«Վուլվերհեմպտոնը» Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանը սկսեց հյուրընկալվելիս «Յունայթեդից» կրած պարտությամբ, թեև նրանք գերազանցեցին մրցակցին և’ հարվածներով, և’ գոլային պահերով:
«Օլդ Թրաֆորդում» կայացած հանդիպման ժամանակի ավելացված րոպեներին «կարմիր սատանաների» դարպասապահ Անդրե Օնանան, դարպասից դուրս գալու ժամանակ, չհասնելով գնդակին, պարզապես բախվեց հարձակվող Սաշա Կալաջիչին։
Ինչպես VAR համակարգը, այնպես էլ մրցավար Սայմոն Հուպերն այստեղ 11 մետրանոց նշանակելու պատճառ չտեսան, ինչը վրդովվեցրեց Օ’Նիլին, ով դեղին քարտ ստացավ խաղադաշտում իր անզուսպ պահվածքի համար:
Խաղից հետո էլիտար մրցավար Ջոնաթան Մոսը, անմիջապես խոսեց Օ’Նիլի հետ և խոստովանեց, որ «գայլերի» օգտին պարտադիր պետք է նշանակվել 11 մետրանոց:
«Մենք հենց նոր խոսեցինք Ջոն Մոսի հետ: Շնորհակալություն նրան, որ եկավ և ներողություն խնդրեց: Նա ասաց, որ դա հստակ 11 մետրանոց էր, որը պետք է նշանակվեր»:
«Օրվա դրական մասն անցկացրեցի նրա հետ՝ պատրաստվելով և փորձելով հասկանալ նոր կանոնները, որպեսզի առաջին խաղում դեղին քարտ չստանամ»:
«Ջոնաթանը խոստովանեց, որ դա ակնհայտ սխալ էր, և նա չէր հավատում, որ խաղադաշտում գտնվող մրցավարը 11 մետրանոց չնշանակեց, իսկ VAR-ը չմիջամտեց: Շնորհակալություն դրա համար»:
«Հավանաբար, դրանից ես ավելի վատ եմ զգում, քանի որ դու գիտես, որ դու ճիշտ ես, և միևնույն ժամանակ տուն ես վերադառնում առանց ոչինչի»,- Օ’Նիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։