«Նյուքասլը» մոտ է «Լեսթերի» հարձակվող Հարվի Բարնսին ձեռք բերելուն:
Մինչև վերջերս Բարնսի գլխավոր հավակնորդը համարվում էր «Վեստ Հեմը», որը պատրաստվում է Դեքլան Ռայսի վաճառքից ստացած ամբողջ հասույթը ծախսել կազմի թարմացման վրա։
Այնուամենայնիվ, The Telegraph-ը պնդում է, որ Բարնսի համար մղվող պայքարում «Վեստ Հեմը» այժմ զիջում է ոչ միայն «Նյուքասլին», այլ նաև «Աստոն Վիլլային», իսկ ինքը՝ Բարնսը, նախընտրում է միանալ Չեմպիոնների լիգայի որակավորում ձեռք բերած «կաչաղակներին»:
«Նյուքասլը» առաջիկա օրերին պետք է ներկայացնի իր հայտը Բարնսի համար և հուսով է, որ հաջորդ շաբաթ Հարվիի համար տարվող բանակցությունները լիովին ավարտած կլինի:
Պրեմիեր լիգայից հեռացած «Լեսթերը» Բարնսին գնահատում է 40 միլիոն ֆունտ, մինչդեռ «Նյուքասլը» ակնկալում է 25 ամյա անգլիացու համար վճարել մոտ 35 միլիոն ֆունտ:
Հիշեցնենք, որ անցյալ ամռան ընթացքում «Նյուքասլը» կրկին փորձում էր ձեռք բերել Բարնսին, սակայն այն ժամանակ «Լեսթերն» իր աստղի համար պահանջում էր 60 միլիոն ֆունտ ստերլինգ։ Այդ ժամանակից ի վեր «կաչաղակները» պահպանել էին հետաքրքրությունը Հարվիի նկատմամբ և սպասում էին միայն հարմար առիթի։