Չեմպիոնների լիգայի ուղեգիր չունենալը կհանգեցնի «Չելսիի» խաղացողների աշխատավարձի 30 տոկոսով կրճատմանը, թեև ոչ բոլորի համար:
Մադրիդի «Ռեալին» 0-4 ընդհանուր հաշվով պարտվելուց հետո «Չելսին» հրաժեշտ տվեց Չեմպիոնների լիգային առնվազն մինչև 2024/25 մրցաշրջանը։ Պրեմիեր լիգայում «կապույտները» զբաղեցնում են միայն 11-րդ տեղը և ներքին առաջնության միջոցով դուրս գալ եվրոպական էլիտար մրցաշար նրանց համար արդեն հնարավոր չէ:
Ինչպես նշում է The Telegraph-ը, «Չելսիի» շատ խաղացողների պայմանագրերի բնույթն այնպիսին է, որ առանց Չեմպիոնների լիգայի նրանց աշխատավարձերը զգալիորեն կկրճատվեն՝ մինչև 30 տոկոսով։
Աշխատավարձի կրճատումներից կխուսափեն միայն այն ֆուտբոլիստները, որոնց պայմանագրերը կնքվել են նախորդ սեփականատիրոջ՝ Ռոման Աբրամովիչի օրոք։ Նրանց թվում են Կեպա Արիզաբալագան, Կայ Հավերցը, Մատեո Կովաչիչը, Հակիմ Զիեշը, Քրիստիան Պուլիշիչը և Նգոլո Կանտեն, ովքեր բանակցություններ են վարում ակումբի հետ նոր պայմանագրի շուրջ: