«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոստովանել է, որ մտածում է երկու հարձակվողներով խաղալու մասին:
Խաղային 4-4-2 մարտավարությունը կրկին նորաձև է դառնում: Այն նախորդ մրցաշրջանում հաջողությամբ օգտագործեցին «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»: Այս սխեման կիրառում են նաև «Մանչեսթեր Յունայթեդը» և Դորտմունդի «Բորուսիան», որը սեպտեմբերին վստահ հաղթանակ տարավ «զինագործների» նկատմամբ:
Վենգերը նույնպես պատրաստ է անցնել երկու հարձակվողով սխեմային, որի մասին նա հայտնել է ակումբի բաժնետերերի հետ ամենամյա հանդիպման ժամանակ:
-Դա լավ գաղափար է, սակայն դա պահանջում է բալանս հարձակման և պաշտպանության միջև: Մեր թիմում շատ ստեղծարար ֆուտբոլիստներ կան, ովքեր ցանկանում են խաղալ դաշտի կենտրոնում:
Կարծում եմ, այս պահին այդ սխեմային անցնելու պահանջ չկա: Չեմպիոնների Լիգայում ընդհանրապես դժվար է այն կիրառել, սակայն մրցաշրջանի ընթացքում մենք դրա վրա ուշադրություն կդարձնենք,- ասել է Վենգերը: