Եվրոպա Լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալվելու է իտալական «Ինտերին»: Այս կապակցությամբ Միլանի իշխանությունները արգելել են ալկոհոլ վաճառել քաղաքի հիմնական վաճառակետերում:
Հիշեցնենք, որ Եվրոպա Լիգայի ընթացիկ խաղարկությունում արդեն երկու անգամ «Տոտտենհեմի» երկրպագուներն աչքի են ընկել վեճերով և կռիվներով: Նոյեմբերին «Տոտտենհեմի» երկրպագուներից մեկը դանակահարվեց Հռոմում, իսկ վերջերս էլ անգլիացի երկրպագուների մի խումբ խուլիգանական հարձակման զոհ դարձավ Լիոնում:
Հենց այս կապակցությամբ էլ Միլանի իշխանությունները 29 ժամով արգելել են ալկոհոլի վաճառքը: Այն չի վաճառվելու «Սան Սիրո» մարզադաշտում, որտեղ և անցկացվելու է հանդիպումը: Բացի այդ երկրպագուները չեն կարողանա ալկոհոլ գնել գլխավոր երկաթուղային կայարանում, օդանավակայանում, տեղական տաճարի դիմացի հրապարակում:
«Տոտտենհեմի» երկրպագուներին էլ խորհուրդ է տրվել չայցելել մարզադաշտի մոտ գտնվող բարեր և ռեստորաններ, ինչպես նաև քաղաքի կենտրոնում չզբոսնել ակումբային խորհրդանիշներով զարդարված դրոշներով և շարֆերով: Daily Mail պարբերականի փոխանցմամբ հյուրերի երկրպագուներին խաղից հետո կպահեն ևս 1.5 ժամ «Սան Սիրո» մարզադաշտում:
Ավելացնենք, որ այս դիմակայության առաջին խաղում լոնդոնյան ակումբը սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթանակ տարավ: