«Մանչեսթեր Յունայթեդն» ավարտին է հասցնում Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի և ՊՍԺ֊ի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի տրանսֆերները։
Ինչպես հայտնում է բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը, «կարմիր սատանաները» հուսով են «Բորուսիային» կգոհացնի 30 մլն ֆունտի առաջարկը։ Սա հիանալի գումար է մի ֆուտբոլիստի համար, ով հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը, որի լրանալուն մնացել է 12 ամիս։
Քանի որ Հենրիխն արդեն հայտնել է «Յունայթեդին» միանալու իր ցանկության մասին, ապա հավանական է, որ առաջիկա օրերին նա կդառնա մանչեսթերյան ակումբի ֆուտբոլիստ։
Ինչ վերաբերվում է Իբրահիմովիչին, ապա երեկ նա հանդիպել է իր գործակալ Մինո Ռայոլայի հետ, ով ներկայացնում է նաև Մխիթարյանի շահերը։ Զլատանն արդեն համաձայնեցրել է իր անձնական պայմանագիրը «սատանաների» հետ և հաջորդ շաբաթ կմեկնի Մանչեսթեր։