«Կրիստալ Փելեսի» գլխավոր մարզիչ Տոնի Պյուլիսը երկրպագուներին չի կարող վստահեցնել, որ կշարունակի աշխատել լոնդոնյան ակումբում:
Նոյեմբերին գլխավորելով «Փելեսը»՝ Պյուլիսն անհավանական աշխատանք կատարեց, ինչը թույլ է տվել պայքարել տարվա մարզչի կոչման համար:
Պայմանագրով Տոնին դեռ երկու տարի ունի, սակայն նա ցանկանում է ակումբի ղեկավարությունից երաշխիքներ ստանալ, որպեսզի ապագայի պլաններ կազմի:
-Հուսով եմ, որ հաջորդ մրցաշրջանում էլ կաշխատեմ այստեղ: Ես պայմանագրով երկու տարի դեռ ունեմ, սակայն ավելի երկար ժամկետով պայմանագիր ունեցող մարզիչներ են հեռացվում, ուստի հստակ ոչինչ չեմ կարող ասել:
Կարծում եմ՝ կան հստակ քայլեր, որ ակումբը պետք է անի, որպեսզի հաջողակ դառնա: Այս ակումբն առաջ գնալու մեծ շանսեր ունի: Հինգշաբթի օրը ես հանդիպում ունեցա Սթիվի հետ («Փելեսի» նախագահ): Կիրակի օրվա խաղից հետո Սթիվը կխոսի մյուս ղեկավարների հետ, կհայտնի իմ մտքերը, որից հետո ամեն ինչ պարզ կդառնա,- ասել է Պրեմիեր Լիգայի ապրիլ ամսվա լավագույն մարզիչը: Sky Sports